Երբ կրթական, մշակութային կամ համագործակցային նախաձեռնություններով տարբեր երկրներից պաշտոնական պատվիրակություններն այցելում են Հայաստան, Թումո Երևանը մշտապես օրակարգում է և նման շրջայցերը կենտրոնում հաճախակի հանդիպող իրադարձություններ են:
Հոկտեմբերի 19-ին ուրախ էինք հյուրընկալել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին, ինչպես նաև Լիտվայում Հայաստանի դեսպան Ն.Գ. պարոն Հովհաննես Իգիթյանին և Հայաստանում Լիտվայի դեսպան Ն.Գ. պարոն Անդրիուս Պուլոկասին: Մեր հյուրերին և նրանց գործընկերներին ուղեկցեցին Թումո հիմնադիրներն ու ղեկավարները և ծանոթացրին կենտրոնի փորձառությանն ու ծրագրին:
Թումո կրթական ծրագրին, դրա յուրահատկություններին, եզակիությանն ու աշխարհում ունեցած հաջողություններին ունեցած ծանոթացումից հետո, վարչապետն անհատապես ծանոթացավ ուսանողական փորձառությանը: Թումոցի Նարեկ Հարությունյանը պատմեց Թումո ուսանողի իր առօրյայի մասին, իսկ հետո վարչապետն ուսումնասիրեց շավիղը` յուրաքանչյուր թումոցու դինամիկ, հարմարվող և անհատականացված ուսումնական ծրագիրը:
Թումո հմտություններն ու ուսանողների կյանքում դրանց ազդեցությունն ավելի ուսումնասիրելուց հետո վարչապետը նշեց.
«Զարմացած չեմ, որ թումոցիներն իրենց դպրոցներում մաթեմատիկայի գերազանց արդյունքներ են ցույց տալիս: Չնայած, որ այստեղ ուղղակիորեն մաթեմատիկա չի ուսուցանվում, վերջնական նախագծերը ստեղծելիս հանդիպած մարտահրավերները նրանց ավելի ճկուն ու ուժեղ են դարձնում, և այսպիսով բարդ թեմաներն ավելի հասանելի են նրանց համար»:
Ավելի ուշ խումբը քննարկեց Թումո համակարգի յուրահատուկ և նորարար տարրերը և Թումո միջազգային կենտրոններում դրանց ադապտացումը: Հյուրերն իրենց հիացմունքն արտահայտեցին Թումոյի թողած տեսանելի ազդեցության մասին, որն արդյունքն է այն կրթության, որը բացառապես կառուցված է ինքնուսուցման և իրական կյանքի ու նախագծերի վրա հիմնված դասընթացների վրա:
Հուսով ենք` ոգեշնչեցինք մեր հյուրերին և անհամբեր ենք շարունակել քննարկել Թումո մոդելի ադապտացումը Լիտվայի կրթական օրակարգում:




